ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է «Առավոտի» հարցին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, թե ցանկացած պահի կարող են արգելել Լաչինի միջանցքով տեղաշարժը: Պատասխանի մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։

ԶԼՄ-ն խնդրել էր մեկնաբանել՝ արդյո՞ք Ալիևի պնդումը հիմնավորված է՝ հաշվի առնելով, որ համաձայն «2020թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության»՝ Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահ զորամիավորման կողմից 5 տարի ժամկետով:

«Իսկապե՞ս ադրբեջանական կողմն իրավունք ունի թույլատրել կամ արգելել տեղաշարժը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում»,-ասվում է հարցման մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր պատասխանում հիշեցրել է, որ ռուս խաղաղապահ զորամիավորումը տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության:

«Համաձայն տվյալ Համաձայնագրի 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և միջազգային կազմակերպությունների՝ խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, նախատեսված է խելամիտ ժամկետներում և պատշաճ կերպով ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցելությունների մասին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

2022թ. հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գնահատելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների գործունեության մեջ բազմաթիվ նյարդայնացնող պահեր կան՝ չնայած նրանց դրական գործառույթներին: Պարոն Ալիևի խոսքով՝ Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել ռուսական կողմին՝ կապված խաղաղապահ զորամիավորման ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ անօրինական այցերի հետ:

Հիշեցնելով Վալերի Պեկրեսի (Ֆրանսիայի նախագահի թեկնածու) այցը Արցախ՝ նա հայտարարել է, որ «Լաչինի միջանցքը գտնվում է մեր վերահսկողության տակ: Դուք եղել եք Շուշիում, և դա տեսել եք: Մենք կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ մեկ ոչինչ չի կարող ասել: Ուստի նմանատիպ դեպքերը միանգամայն անթույլատրելի են և պետք է դադարեցվեն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---