Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ․ Պատրաստ ենք զարգացնել ՀՀ հետ գործակցությունը բոլոր ոլորտներում

Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ․ Պատրաստ ենք զարգացնել ՀՀ հետ գործակցությունը բոլոր ոլորտներում

PanARMENIAN.Net - Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը, որի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հաստատել է բոլոր ուղղություններով գործակցությունը զարգացնելու և նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ ռազմատեխնիկական գործակցությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունն այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման և միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով:

Կարևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակներում 2021թ․-ին արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ:

Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---