30 մարտի 2009 - 19:19 AMT
Ապրիլի 23-ին երեւանում կկայանա «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման պրեմիերան, գլխավոր դերում Արմեն Ջիգարխանյանն է
Ազգությամբ հայ բելգիական դերասանուհի եւ դրամատուրգ Կարոլինա Սաֆարյանի «Հայկական փաստաթղթերը կամ առանց վերադարձի իրավունքի» պիեսն առաջին անգամ կբեմադրվի եւ կներկայացվի Երեւանում ապրիլի 23, 25 եւ 26-ին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի թատերական գործիչների Միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը հանդիսանում է նաեւ ներկայացման ռեժիսորը, նախագիծն իրականացվելու է Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ Համահայկական թատերական նախագծի շրջանակներում: «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման գլխավոր դերում Արմեն Ջիգարխանյանն է: Ներկայացման մեջ գործադրված են նաեւ արտասահմանում աշխատող այլ հայ դերասաններ:

«Հայկական փաստաթղթերը կամ առանց վերադարձի իրավունքի» գրքի շնորհանդեսը կայացավ 2008թ. հուլիսին Բրյուսելում: Գրքի հեղինակ Կարոլինա Սաֆարյանը պատմում է Հայոց ցեղասպանության ենթատեքստում հայ եւ թուրք հասարակությունների երիտասարդ սերնդի փոխհարաբերությունների մասին: