4 հուլիսի 2002 - 22:40 AMT
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՆՁԵՐԸ - ԱՐԱՐԱՏԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում բացվել է «Հայաստանի գանձերը-Արարատի գաղտնիքները» խորագրով ցուցահանդեսը: Բացելով այն` Հունգարիայի նախագահ Ֆերենց Մադլը նշել է, որ այն կոչված է ծանոթացնել հունգարացիներին հայկական մշակույթի, ավելի քան մեկ հազարամյակ տեւող հայ-հունգարական հարաբերությունների պատմության հետ: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, խոսելով հայ-հունգարական հարաբերությունների մասին, նախագահը նշել է այն կարեւոր դերը, որն ունեցել է հայկական սփյուռքը Հունգարիայի պատմության մեջ, հայերի ցուցաբերած զգալի աջակցությունը Հունգարական հեղափոխությանը եւ 1848-1849 թվականների ազատագրական պայքարին: Բուդապեշտի ցուցահանդեսում ներկայացված են` 174 ցուցանմուշներ, որոնք պատմում են Հայկական բարձրավանդակում քաղաքակրթության ծագման մասին, ինչպես նաեւ հունգարացիների եւ հայերի հարաբերությունների պատմական ժամանակագրությունը: