ՄԻՊ․ ԿԽՄԿ-ն չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան

ՄԻՊ․ ԿԽՄԿ-ն չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այդ տեղեկությունը ճշտվել է։

Նա նշել է, որ ադրբեջանական զինված ծառայողները բացահայտ հանցավոր արարքներով 2021թ. նոյեմբերից փակել են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները. ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները:

«Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու մարդկանց կյանքը ինչ աստիճա՞ն է դժվարանալու:

Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական «Ուրալ» մեքենայով: Բա սա կրթության ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում չէ՞:

Դժվարանցանելի է ու հատկապես վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատվածը, որ տանում է դեպի Բարձրավան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապված մյուս իրավունքների խախտում չէ»,-ասվում է գրառման մեջ:

ՄԻՊ-ը նշել է, որ ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար:

«Բա ինչպե՞ս է ապահովվելու շտապ բժշկական օգնության հասանելիությունը, հոսպիտալացումները և այլն: Բա սա առողջության պահպանման ու կյանքի իրավունքի հարց չէ՞: Այստեղ արժանապատվության հարցեր չկա՞ն:

Սրան գումարած՝ թե՛ Գորիսի, թե՛ Կապանի դեպքում նշված գյուղեր տանող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից: Ու ինչու՞ պետք է ադրբեջանական զինված ծառայողների, իշխանությունների որևէ հիմք չունեցող, պարզապես հանցավոր արարքների պատճառով մեր բնակիչները նման զրկանքներ կրեն:

Բա սա չի նշանակու՞մ, որ դա արված է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու դիտավորությամբ, որ ատելության քաղաքականությունը շարունակվում է ու չի ավարտվել: Այս պայմաններում, Ադրբեջանի խաղաղասիրությունը կարող է ազնիվ կամ իրական լինե՞լ:

Այս բոլոր հարցերը պետք է լինեն մեր երկրի պետական քաղաքականության հիմքում: Բա ո՞նց կարելի էր ասել, թե ճանապարհներին նրանց հայտնվելը «ադրբեջանական տարածք է ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրավունքների հարցերը: Բա մարդկանց պատճառվող այսքան զրկանքները քաղաքական հարցե՞ր են: Բա անվտանգությունն ու մարդու իրավունքները կարելի՞ է մարդուց կտրել:

Հակառակը՝ պետության ուղիղ պոզիտիվ պարտավորությունն է պաշտպանել այդ իրավունքները, ամեն ինչ անել, որ մարդուց անվտանգությունը չկտրվի ու չքաղաքականացվեն մարդու իրավունքների հարցերը: Հակառակ դեպքում ուղղակի անվտանգությունից էլ ամբողջությամբ կզրկվենք:

ՄԻՊ-ը հավելել է, որ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և վերջ:

«Մենք ունենք մեր իրավունքները պաշտպանելու, արժանապատիվ ապրելու օրինական իրավունքներ: Միջազգային կանոնները դա անել թույլ են տալիս. ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ու մյուս կառույցների կանոններ»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---