30 մարտի 2009 - 20:41 AMT
Թուրքիայում ընտրությունների արդյունքները անակնկալ դարձան կառավարող կուսակցության համար
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների կիրակնօրյա ընտրությունների արդյունքները անակնկալ դարձան Արդարություն եւ զարգացում (AKP) թուրքական կառավարող կուսակցության համար: Դա հանրության ուղերձն է Թուրքիայի կառավարությանը ներկայիս քաղաքականության փոփոխման համար: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, Թուրքիայում տնտեսության զարգացման տեմպերի անկումը ազդեցին ընտրությունների արդյունքի վրա: 2007թ. խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ, տեղական ընտրություններին AKP-ին պակաս ձայներ տվեցին: Թուրքական հանրության համար պարզ դարձավ, որ երկրի ներկայիս ղեկավարությունը շարունակում է նախկինի ճանապարհը եւ ներքաշվել է կոռուպցիոն կապերի մեջ»,- նկատել է հայ արեւելագետը:

Պրոֆեսորի խոսքով, չնայած, որ AKP հաջողվեց պահպանել ձայները Անկարայում, Ստամբուլում եւ այլ քաղաքներում, որոշ խոշոր քաղաքներում կառավարող կուսակցությունը զիջեց իր դիրքերը: «Խոշոր քաղաքները խիստ տուժել են տնտեսական ճգնաժամից եւ հասկանալի է, որ կառավարության հակաճգնաժամային միջոցները չեն բավարարել այդ քաղաքների ընտրողներին»,- նկատել է Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ընտրությունները չեն ազդի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, եւ այդ ուղղությամբ կտրուկ փոփոխություններ չեն լինի:

Թուրքիայում կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (AKP) հաղթել է մարտի 29-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` հավաքելով ձայների ավելի քան 41%: Երկրորդ տեղում Հանրապետական ազգային կուսակցությունն է (CHP)` 17%, երրորդ տեղում` Ազգային գործողության կուսակցությունը (MHP)` 15%: