«5165 շարժումը» Սարգսյանի հրաժարականը փախուստ է որակում պատասխանատվությունից և բացատրություն պահանջում

«5165 շարժումը» Սարգսյանի հրաժարականը փախուստ է որակում պատասխանատվությունից և բացատրություն պահանջում

PanARMENIAN.Net - «5165 շարժումը» հայտարարությամբ է հանդես եկել Արմեն Սարգսյանի ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ, որտեղ նշվում է, որ Սարգսյանի փաստարկները համարելով չհիմնավորված և հրաժարականը գնահատելով որպես անընդունելի փախուստ պատասխանատվությունից, պահանջում են նրանից պարզ, բաց և լիարժեք բացատրություն իր որոշման իրական դրդապատճառների մասին:

«Ենթադրում ենք, որ անակնկալ այս որոշման պատճառները թաքնված են մակրոտարածաշրջանային, նույնիսկ գլոբալ փոխակերպումների և դրանց ազդեցությամբ պայմանավորված՝ Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մեջ, հանգամանքներ, որոնց քաջատեղյակ է Արմեն Սարգսյանը՝ ունենալով քաղաքական և դիվանագիտական բավարար փորձառություն, լայն կապեր միջազգային քաղաքականության տարբեր դերակատարների հետ:

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից ոչ աշխատանքային օրով և ֆիզիկապես Հայաստանում չգտնվելով հրաժարական տալու հանգամանքը առնվազն տարակուսանք է առաջացնում՝ նկատի ունենալով իր հիմնավորումն այն մասին, որ ՀՀ նախագահը «չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»: Հարկ ենք համարում նկատել, որ երկրի և ազգի համար ոչ պակաս արմատական գործընթացներ տեղի էին ունենում 2020թ. աշնանը, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները նույնն էին, ինչ այսօր. այդուհանդերձ այն ժամանակ Արմեն Սարգսյանը հրաժարական չներկայացրեց:

․․․Արմեն Սարգսյանը այս ընթացքում բավականաչափ հնարավորություններ է ունեցել խոսելու, սակայն չի խոսել: Իսկ այժմ ընդամենը ակնարկում է արտաքին ու ներքին քաղաքական վտանգավոր զարգացումների մասին, սակայն բավարարվում է ապրիորի զգուշացումներով ու չի նշում ո՛չ վտանգների բովանդակության, ո՛չ դրանց ծագման աղբյուրների, ո՛չ գործող իշխանությունների՝ դրանց դիմակայելու անընդունակության կամ չցանկության մասին»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Սարգսյանի հրաժարականը գուցե տրամաբանական լիներ, երբ իր նշած փոխզսպումների և հակակշիռների համակարգ նախատեսող սահմանադրությունն արդեն ընդունված լիներ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ ծանուցումը: Նախագահի հրաժարականն ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա 7 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի դիմումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---