30 մարտի 2009 - 21:18 AMT
Ցոլակ Անանիկյանը արծաթ է նվաճել բռնցքամարտի միջազգային «Ֆելիքս Շտամմ« մրցաշարում
Հայ բռնցքամարտիկ Ցոլակ Անանիկյանը արծաթ է նվաճել բռնցքամարտի 26-րդ միջազգային «Ֆելիքս Շտամմ« մրցաշարում, որն անցնում էր մարտի 24-29 Վարշավայում: Կիսաեզրափակչում Անանիկյանը հաղթեց Լիտվայի հավաքականի բռնցքամարտիկին, սակայն լեհ բժիշկը բժշկական զննությունից հետո արգելեց Հայաստանի ներկայացուցչին հանդես գալ եզրափակչում` հիմնավորելով իր որոշումը Անանիկյանի լուրջ վնասվածքներով: Ինչպես PanARMENIAN.Net-է թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանը, հայ բռնցքամարտիկը ոչ մի վնասվածք չուներ:

«Եզրափակչում Ցոլակը պետք է հանդիպեր լեհ մարզիկի հետ, որի հաղթելու շանսերը շատ փոքր էին: Մենք կարող էինք ոսկե մեդալ բերել: Կար եւս մեկ պատճառ, որի համար Ցոլակին թույլ չտվեցին հասնել եզրափակիչ: Եթե լեհ բռնցքամարտիկը պարտվեր, Լեհաստանի հավաքականը կզիջեր թիմային ստուգարքում ՌԴ հավաքականին»,-ասել է Մեհրաբյանը:

Ըստ Ռ.Մեհրաբյանի, Եփրեմյանն ու Փուլուզյանը եւս պարտվեցին լեհ բռնցքամարտիկներին մրցավարների ոչ անաչառ մոտեցման պատճառով:

«Մեր բոլոր բռնցքամարտիկները կարող էին մի քանի մարտ անցկացնել: Սակայն Լեհաստանում մեզ կողմնակալ վերաբերվեցին: Եփրեմյանի ու Փուլուզյանի համար եւս վիրավորական է, քանի որ այս մրցաշարը մեզ համար նախապատրաստական փուլ էր աշխարհի առաջնությունից առաջ, որը տեղի կունենա օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 13-ը Միլանում: Կարեւոր է, որ նրանք շատ մենամարտեր ունենան, որպեսզի փորձ կուտակեն: Մենք կմասնակցենք նաեւ մայիսի 12-19 Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարին, որտեղ, հուսով եմ, մեր բռնցքամարտիկները կկարողանան գոնե 2-3-ական մարտ անցկացնել, քանի որ ես մտադիր եմ մինչեւ աշխարհի առաջնությունը նրանց մենամարտերի քանակը հասցնել 12-15-ի»,-նշել է Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնում էին 5 բռնցքամարտիկներ, որոնցից միայն Անանիկյանին հաջողվեց հաջող ելույթ ունենալ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Հրաչիկ Ջավախյանն (64 կգ քաշային կարգում) իր առաջին մենամարտում հաղթեց Սլովակիայի ներկայացուցչին 6:0 հաշվով, սակայն երկրորդ մարտում տանուլ տվեց ռուս բռնցքամարտիկին 1 միավորի տարբերությամբ:

Ռոբերտ Եղիսյանը (57կգ քաշային կարգում), Արա Փուլուզյանը (60կգ քաշային կարգ) եւ Արմեն Եփրեմյանը (69 կգ քաշային կարգում) անհաջող հանդես եկան եւ, պարտվելով հենց առաջին մենամարտերում, դուրս մնացին մրցաշարից: