Հայհոյանքներ՝ ԱԺ-ում․ Հակոբյանը հանել է ՀՌՀ հանձնաժողովում իր թեկնածությունը

Հայհոյանքներ՝ ԱԺ-ում․ Հակոբյանը հանել է ՀՌՀ հանձնաժողովում իր թեկնածությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ընդդիմության` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թեկնածու Ռուբիկ Հակոբյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են հայհոյանքներ։

Նման իրավիճակ ստեղծվել է տվյալ հանձնաժողովում ՀՌՀ անդամի թափուր տեղի համար Հակոբյանի թեկնածության մասին հարցի քննարկման ժամանակ։ Թեկնածությունն առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը։ Ելույթում Հակոբյանն անդրադարձել է ժամանակին իր և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպին, երբ հնչել է հայհոյանք և, ինչպես ինքն է ասում` թեթև ապտակ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ձեր լիդերը շատ դաժան, կոպիտ, սրիկա հայհոյանք է տալիս, ասում է՝ փակեք կամերան, որ չերևա և ձեռքով այդ գործողությունն է ցույց տալիս, թե ինչ կանի ընդդիմության հետ: Ունենալով նման օրինակ, դուք ինձ ասում եք՝ ժողովրդին «խառնամբոխ» եք ասել. բառարանը բացեք, նայեք, խառնամբոխ բառի մեջ վիրավորական ոչինչ չկա»,– նշել է Հակոբյանը:

Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է նաև ՔՊ-ական պատգմավոր Նարեկ Բաբայանին, նշելով, որ նա կարողացել է ԱԺ խցկվել «որպես իր կնոջ օժիտ» (նա Լենա Նազարյանի ամուսինն է - խմբ.):

Դրանից հետո Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ նիստի բնականոն գործունեությունն ապահովելու համար ելույթը պետք է ավարտել:

Սիսակ Գաբրիելյանը ցանկացել է քվեարկության դնել Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը, ինչից հետո Հակոբյանն արձագանքել է, որ հանում է թեկնածությունը։ Նա նաև հորդորել է ՔՊ–ական պատգամավորին «ձայնը կտրել» ու իր հետ այդ տոնով չխոսել։

ՔՊ-ական կին պատգամավորներից մեկն էլ տեղից արձագանքել ու հարցրել է, գուցե նաև ջուր շփի իրենց վրա, ինչին ի պատասխան Ռուբիկ Հակոբյանն ասել է. «Այո, և կշփեմ: Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ: Այս կանոնակարգը նաև ես եմ գրել, գիտեմ՝ ինչ է պահանջվում: Իրավունք չունեք ընդհատել ինձ: Իմ կյանքի նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է»:

Սիսակ Գաբրիելյանն էլ պատասխանել է. «Քո ծնողն է անտակտ խուլիգանը, որ քեզ էդքան տարի մեծացրել ա, ու էդքան բան չի սովորացրել»:

Իրավիճակը սրվել է, Սիսակ Գաբրիելյանը վեր է կացել տեղից, մոտեցել է Ռուբիկ Հակոբյանին, հնչել են վիրավորանքներ՝ «կթքեմ վրեդ», «էշը դու ես, ոչխար», «անասուն», ինչից հետո նիստն ընդհատվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---