Գործադիրը ԵԿՄ-ին անհատույց օգտագործման տարածք է տրամադրել

Գործադիրը ԵԿՄ-ին անհատույց օգտագործման տարածք է տրամադրել

PanARMENIAN.Net - Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամաս 27/2 հասցեում գտնվող 172 քառակուսի մետր մակերեսով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Երկրապահ կամավորականների միությանը։ Հարցն ընդգրկված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում։

Տարածքը տրամադրվել է 10 տարի ժամկետով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի և Կազմակերպության միջև 03.07.2020թ. կնքված պայմանագրով տարածքը 5 տարի ժամկետով հատկացվել էր ԵԿՄ-ին, որը Երևանի քաղաքապետարանը ցանկանում է վաղաժամկետ լուծել, ինչը կբերի ԵԿՄ-ի բնականոն աշխատանքների խանգարման։

Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածքը տրամադրելը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարության պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթից։

Հիմք ընդունելով այն փաստը, որ ԵԿՄ-ն օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը և պատանիների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստում է հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը՝ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվել է «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով տարածքը տրամադրվում է կազմակերպությանը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով։

Նշվում է, որ բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---