ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները շնորհավորել են բանակի կազմավորման 30-ամյակը

ՀՀ 2-րդ և  3-րդ նախագահները շնորհավորել են բանակի կազմավորման 30-ամյակը

PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։

Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, նշել է, որ տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք։

«Այս օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում։ Դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված եւ քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։

Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք։ Լիահույս եմ, որ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը և կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը»,-ասվում է ուղերձում:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ իր ուղերձը հղել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից: ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև Եռաբլուր զինվորական պանթեոնում։

«Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:

Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:

Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը: Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ», ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---