Դարբինյան․ Գրություններով դիմել եմ ՌԴ նախագահին և գլխավոր դատախազին

Դարբինյան․ Գրություններով դիմել եմ ՌԴ նախագահին և գլխավոր դատախազին

PanARMENIAN.Net - Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, տեղեկացրել է, որ գրություններով դիմել է ՌԴ նախագահին և գլխավոր դատախազին՝ համալսարանի շուրջ արհեստական աղմուկը դադարեցնելու և ամբարտավան չինովնիկներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

«Հանրային և համալսարանական շրջանակներում որոշակի անհանգստություն կա ռուսաստանյան որոշ ուժերի կողմից պատվիրված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Այդ կապակցությամբ ունեմ հայտնելու հետևյալը.

ա/ Քննության մանրամասների վերաբերյալ ես որևէ տեղեկություն չեմ հրապարակայնացնելու՝ դեռևս հավատալով Հայաստանյան քննության անաչառությանը և սուվերենությանը

բ/ Իմ կողմից քննիչին են փոխանցվել անհրաժեշտ ապացույցները՝ գործի պատվիրված և շինծու լինելու վերաբերյալ։

գ/ Կա, իհարկե, տարբերակ, երբ գործը առկախվում է՝ անձին լարվածության մեջ պահելու և կառավարելի դարձնելու նպատակով. նման հնարքները հայտնի են դեռևս ՆԿՎԴ-ի ժամանակներից: Հուսով եմ, որ հայ քննիչները չեն գնա այդ ճանապարհով և կկարճեն գործը՝ դրա նյութի բացակայության հիմքով: Համենայնդեպս նշեմ, որ ինձ կառավարող երեք առանցք կա. դա երկրիս սուվերենությոնն է (այդ թվում՝ համալսարանի համահիմնադիր լինելու իմաստով), ազգային ու անձնային արժանապատվությունս, և ակադեմիական ու քաղաքացիական ազատությունս: Վախի համար այստեղ տեղ չկա։

դ/ Ես գրություններով դիմել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ համալսարանի շուրջ արհեստական ու հնարածին աղմուկը դադարեցնելու և ամբարտավան չինովնիկներին կարգի հրավիրելու, պատասխանատվության ենթարկելու պահանջով: Անհրաժեշտության պարագայում դրանք կհրապարակվեն։

ե/ Համալսարանը գործում է իր բնական ռիթմով, մի բան էլ՝ առավել նպատակասլաց», ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր հավանական հրաժարականի մասին՝ նշելով, որ ռուսաստանյան որոշ շրջանակներ «չեն կարող ներել իրեն ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իր դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը» և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ուղղված բաց նամակը։

Արմեն Դարբինյանը, ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն հայտնելով հրաժարական չտալու հորդորների համար, նշել էր, որ ռեկտորի հաջորդ ընտրությունները 2023-ին են և ինքը չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---