Փաշինյանին տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով հայհոյողին տուգանել են 500,000 դրամով

Փաշինյանին տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով հայհոյողին տուգանել են 500,000 դրամով

PanARMENIAN.Net - «Ծանր վիրավորանքի» գործերով առաջին մեղադրական դատավճիռն է կայացվել։ Հանրային տրանսպորտի վատ աշխատանքի պատճառաբանությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնյաներին հայհոյած անձը տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500,000 դրամի չափով:

Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. նոյեմբերի 5-ին, Փ. Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար:

Քննությամբ հիմնավորվել է, որ վերջինս 2021թ. սեպտեմբերի 20-ի երեկոյան, գտնվելով Երևանի Նոր-Նորքի 1-ին զանգվածում, իր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ՕԿԿ 1-02 հեռախոսահամարին և ՀՀ ոստիկանության աշխատակցի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Երևանի երթուղային տրանսպորտի բնականոն գործունեությունը պատշաճ չկազմակերպելու պատճառաբանությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց ու նրանց ընտանիքների անդամների հասցեին: Այդ կերպ նա դիտավորությամբ ծանր վիրավորանք հասցրել վերջիններիս:

Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Փ.Ս.-ն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: 2022թ. փետրվարի 2-ի դատավճռով Փ. Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և դատապարտվել տուգանքի՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով:

Դատարանի կողմից կայացված դատավճիռն առաջինն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց և այն ուժի մեջ մտնելուց՝ 2021թ. օգոստոսի 30-ից հետո:

Մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 263 քրեական գործ, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի:

214 քրեական գործերով նախաքննությունը շարունակվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 31 անձի:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ՔՕ 137.1-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 8 քրգործ, որոնցից մեկով՝ վերոնշյալով, կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ մյուսներով դատական քննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---