4 փետրվարի 2022 - 10:40 AMT
ԱԳՆ-ն՝ Բայրամովի «տարօրինակ պատասխանի» մասին․ Ադրբեջանը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է մեր առաջարկները

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունների մասին հարցին, նշել է, որ Ադրբեջանը որևէ բովանդակային արձագանք չի տվել հայկական կողմի առաջարկներին, բայց մերժել է դրանք։ Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին, կրկին հայտարարել է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշում՝ ընդգծելով, որ Հայաստանը չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու:

«Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է և հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում:

Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ»,-ասվում է մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ ՀՀ-ն, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձևակերպել:

«Ադրբեջանական կողմը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ:

Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ»,-նշել է Հունանյանը:

Անդրադառնալով Բայրամովի այն հայտարարությանը, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ Հունանյանը նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններն առնվազն տարօրինակ են և հուսով է, որ երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում։

«Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրն առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման գործնական քայլերի փուլում է և աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երևանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ:

Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են և հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում: Նշեմ, որ ՀՀ-ն վերահաստատում է իր հավատարմությունը ձեռքբերված պայմանավորվածություններին, որի մասին ՀՀ վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է»,-ասվում է մեկնաբանության մեջ:

Հունանյանը նշել է նաև, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին, որոնց վերաբերյալ մինչև օրս որևէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել: «Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը»,-նշել է Հունանյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը բացասական է արձագանքել, սակայն դա շարունակական պրոցես է։ Միրզոյանը նշել է՝ եղել են առաջարկներ, որ մեզ համար են անընդունելի եղել:

Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ սահմանային իրավիճակի դեէսկալացիային ուղղված առաջարկների փաթեթ է փոխանցել Ռուսաստանին, ինչպես նաև ՌԴ միջնորդությամբ՝ Ադրբեջանին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը Բաքվից և Երևանից պատվիրակությունների շուտափույթ ձևավորում է ակնկալում՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու համար։