4 փետրվարի 2022 - 12:14 AMT
Բենզինի ու գազի թերակշռումների դեմ միջոցներ սահմանող նախագիծը կլրամշակվի

Բենզինի ու գազի թերակշռումների դեմ միջոցներ սահմանող նախագիծը, որը փետրվարի 3-ին քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ուղարկվել է լրամշակման։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նշվել է, որ գազալցակայաններում և բենզալցակայաններում պարբերաբար անցկացված ստուգաչափումների արդյունքում համապատասխան տեսչական մարմնի կողմից բացահայտվել են տնտեսվարողների իրականացրած անթույլատրելի միջամտություններ և թերի լիցքավորումներ: Դրանց բացառման նպատակով վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները պետք է կահավորված լինեն Կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրով: Նախագծով առաջարկվում էր տուգանքի կիրառում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Եթե նախագիծն ընդունվի, տնտեսվարողները ստիպված են լինելու հատուկ սարքեր և ծրագրային ապահովում ձեռք բերել։

Կարևորվել են սպառողների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, ոլորտում թափանցիկ գործունեությունը:

Որոշվել է նախաձեռնությունը լրամշակելու նպատակով քննարկումը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով: