4 փետրվարի 2022 - 15:00 AMT
ԱՆ․ Պարացետամոլի պահանջարկի-առաջարկի կարճ տատանումներ են հնարավոր

Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով պարացետամոլ դեղի առկայության հետ կապված խնդիրներին, հայտարարել է, որ հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են:

Կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր։

Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437,714 տուփ (4,496,488 դեղահատ) 500 մգ պարացետամոլ պարունակող մի շարք դեղերի ներմուծման թույլտվություն: Առաջիկայում կավարտվի 127,300 տուփ (1,273,000 դեղահատ) պարացետամոլ պարունակող դեղերի մաքսազերծման գործընթացը, ևս 500,000 դեղահաբ պարացետամոլ է իրացնելու «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը։

Միաժամանակ, մարդասիրական օգնությամբ ստացված պարացետամոլ 325 մգ՝ 21,240 քանակությամբ և 500 մգ՝ 197,284 քանակությամբ, դեղահաբեր են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին:

Նախարարությունը նշում է, որ նման իրավիճակներում կարող են կիրառվել դեղատներում առկա պարացետամոլի համակցություններ և համարժեք այլ դեղեր՝ խորհրդակցելով բժշկի կամ դեղագետի հետ։