Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է՝ բացումը, հավանաբար, մայիսին

Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է՝ բացումը, հավանաբար, մայիսին

PanARMENIAN.Net - Հրազդան գետի վրա կառուցված 252 մ երկարությամբ և 28 մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է:

Նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարությունն ընթանում է ամբողջ թափով:

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24 մ: Այն ունի 7 ուղեանց, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:

«Ակնկալում ենք, որ արդեն մայիսին ամբողջությամբ կբացենք: Արդյունքում կունենանք մեկ ընդհանուր ճանապարհ, որը հնարավորություն կտա շրջանցել Երևանի կենտրոնական փողոցները»,- նշել է քաղաքապետը:

«Կամրջի շինարարությունը գրեթե ավարտել ենք: Եվրոպական չափանիշներին համապատասխան կառույց է: Վստահաբար կարող եմ ասել, որ գործող ճանապարհից այն ավելի ապահով կլինի և որ կարևոր է՝ վարորդների համար զգալիորեն կկրճատի Արգավանդից Շիրակ տեղափոխվելու ճանապարհահատվածը»,- ասել է վերահսկող կազմակերպության անձնակազմի ղեկավար Պիեր Մորիսը:

Բանակցություններ են ընթանում կառավարության հետ՝ ևս մեկ՝ Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատված կառուցելու նպատակով:

«Այս պահին բանակցում ենք «Սիմենս» կազմակերպության հետ, որպեսզի մոտ ժամանակներս լուսացույցների համատեղ կառավարման փորձնական համակարգ ներդնենք մի քանի խաչմերուկներում, և եթե ամեն ինչ հաջող ընթանա, կսկսենք փուլ առ փուլ շարժվել առաջ»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող նոր ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Անընդհատ երթևեկությամբ այն կապ կհաստատի Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---