5 փետրվարի 2022 - 10:24 AMT
Նատալյա Ռոտենբերգը՝ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ

Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում: Համապատասխան հավաստագիրը Ռոտենբերգին են հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

Կարեն Գիլոյանը նշել է՝ հայկական սպորտի և դրա զարգացման համար սա շատ կարևոր իրադարձություն է: «Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի հետ բազմիցս զրուցել ենք այս թեմայով: Տիկին Ռոտենբերգը հանդես է եկել մարզաձևի զարգացմանը միտված նախաձեռնությամբ, արդեն ապացուցել է, որ խանդավառ աշխատանքի շնորհիվ կարող է նաև մրցումներ կազմակերպել»,-ասել է նա։

Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը հասարակական, չվճարվող պաշտոն է, բայց դիրք է և երկիրն ու մարզաձևը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն:

Նատալյա Ռոտենբերգը շնորհակալություն է հայտնել վստահության և իրեն նմանօրինակ հնարավորություն ընձեռելու համար։ «Ունեմ հաղթողի ծրագիր, թե մենք ուր ենք գնալու և ինչ նպատակների ենք ձգտելու: Իհարկե, ես միայնակ չեմ կարող արդյունքների հասնել: Ունեմ թե՛ պետության, թե՛ մարզիչների և թե՛ ծնողների ու մարզուհիների աջակցությունը: Ձգտելու ենք թիմային աշխատանքի, քանի որ միայն այդպես է հնարավոր հաջողության հասնել․․․Կփորձեմ ներգրավել հովանավորների, աջակիցների: Մտադիր եմ նաև վերահսկել մարզումային գործընթացը: Ցանկանում եմ՝ այս տարի ավելի լավ արդյունքներ գրանցենք միջազգային հարթակներում»,-ասել է նա:

Նատալյա Ռոտենբերգը նաև նշել է, որ մտադիր է Հայաստան հրավիրել անվանի մարզուհիների, մասնավորապես՝ օլիմպիական չեմպիոնների, ովքեր մարզումներ կանցկացնեն հայ երեխաների հետ։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն էլ նշել է՝ Նատալյա Ռոտենբերգի հետ առաջին իսկ հանդիպումից զգացել է մարզաձևը զարգացնելու նրա անկեղծ մղումներն ու ցանկությունները։