Մետրոյի բոլոր կայարաններում հնչում են Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները

Մետրոյի բոլոր կայարաններում հնչում են Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները

PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։ Այդ մասին ասվում է Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։

«Ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,-ասվում է գրառման մեջ։

Երգիչ, երգահան, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացել է փետրվարի 4-ին։

Գրիգորյանը կհուղարկավորվի փետրվարի 6-ին քաղաքային պանթեոնում: Նրա հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 5 -ին, ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին, ժամը 11:00-13:00, նույն վայրից:

Արթուր Գրիգորյանը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Արթուր Գրիգորյանը 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։

1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից հանդիսացել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009 թվականից՝ խորհրդատու։

Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---