8 փետրվարի 2022 - 12:44 AMT
«Իսկ Լուկաշենկոն ո՞ւմ է պետք». ՔՊ-ում արձագանքում են Բելառուսի նախագահին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանի նիստում արձագանքել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե Հայաստանը «գնալու տեղ չունի» և «ոչ մեկին պետք չէ»։

Մասնավորապես Հովիկ Աղազարյանն ասել է, թե նման գնահատականներ տալուց առաջ Լուկաշենկոն «լավ կլինի Մինսկի օդանավակայան մտնի, որն ավելի շատ խոզանոց է հիշեցնում»։

«Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին»,-հավելել է նա:

Ռուստամ Բաքոյանն իր հերթին ասել է․ «Իսկ Լուկաշենկոն ո՞ւմ է պետք, էդ երկրում տեղի ունեցածը հստակ գնահատական էր իրեն և իր գործունեությունը, թե երկիրը ինչ վիճակում էր պահել»։

Վաղարշակ Հակոբյանն էլ ասել է, որ Լուկաշենկոն անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր հայտարարություններ է արել։ «Ուզում եմ հիշեցնել ղազախական դեպքերը՝ թե ում էր պետք Հայաստան, ու վստահ եմ՝ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք ու ում է պետք Հայաստանի Հանրապետությունը», - հավելել է նա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք է հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։ Նա ասել է, որ այժմ արդեն տեսանելի է ընդհանուր պաշտպանական տարածքը։