Մոտ 40 անձ կաշառքի դիմաց վարորդական վկայական է ստացել. Քրգործը դատախազի մոտ է

Մոտ 40 անձ կաշառքի դիմաց վարորդական վկայական է ստացել. Քրգործը դատախազի մոտ է

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակում բացահայտվել են ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ:

Մասնավորապես, քրգործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Սպիտակի բնակիչ Վաչագան Շիրոյանը սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու և քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ադամ Սարուխանյանի հետ: Պայմանավորվածության համաձայն` 2020-ի օգոստոսից 2021-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Շիրոյանը մոտ 40 անձից ստացել է ընդհանուր 3,010,000 դրամ, որի մի մասը՝ 1,400,000 դրամը, որպես կաշառք տվել է Ադամ Սարուխանյանին:

Շիրոյանի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ:

Միաժամանակ Ադամ Սարուխանյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանցից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ադամ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վաչագան Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 34-38-311-րդ հոդվածի 2-րդ մասով:

Եվս 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար:

Ադամ Սարուխանյանի, Վաչագան Շիրոյանի և մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---