Պատգամավոր․ ԵՄ-ն $2.1 մլրդ է տալու մի երկրի, որն աչքի է ընկնում հարևանների հանդեպ վանդալիզմով, հուշարձաններն ավերելու վարքով

Պատգամավոր․ ԵՄ-ն $2.1 մլրդ է տալու մի երկրի, որն աչքի է ընկնում հարևանների հանդեպ վանդալիզմով, հուշարձաններն ավերելու վարքով

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, անդրադառնալով Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական եկեղեցիների արձանագրությունները հեռացնելու և դրանք որպես աղվանական ներկայացնելու համար աշխատանքային խմբի ստեղծմանը, ԱԺ ամբիոնից դիմել է միջազգային հանրությանը՝ հարց բարձրացնելով, թե ո՞ւմ են ուղղվում ԵՄ կողմից հատկացվող միլիարդները։

Եվրամիությունը 2 մլրդ եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակում։ Այդ մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

«Հատկապես Եվրամիության մեր գործընկերներին կցանկանայի հիշեցնել, որ 2.1 միլիարդ դոլար է ուղղվում, ըստ էության, մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև իր հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և հայկական պատմամշակութային հուշարձաններն ավերելու քաղաքականությամբ»,- ասել է նա։

Նա հավելել է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ի ընդունած հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը։

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»:

Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այդ մասին ասվում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հայտարարության մեջ՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարության այս քայլը բացահայտ մարտահրավեր է ՄԱԿ-ի որոշմանը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---