8 փետրվարի 2022 - 17:07 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը՝ միավորվել՝ ավտորիտար համակարգից ազատվելու

Քաղաքական, հասարակական գործիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ քննարկվում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը, ասել է, որ ակնհայտ է՝ Առուշանյանը քաղբանտարկյալ է։

Հովհաննիսյանը ցավալի է համարել այն փաստը, որ ժողովրդավարության կարգախոսով իշխանության եկածները, իրենց ձեռամբ, իրենց իսկ քաղաքական որոշումներով ապահովում են Հայաստանի համար քաղաքական բանտարկյալներ։ Նա կոչ է արել միավորվել՝ աձնավորված, միաբևեռ, ավտորիտար համակարգից ազատվելու համար, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա կոչ է արել միավորվել բոլոր նրանց, ովքեր պայքարել են ազգային շահի, պետության ինքնիշխանության, քաղաքացու իրավունքների համար։

Լրագրողի հարցին՝ ինչու են ժամանակին ամեն ինչից աղմուկ բարձրացնող միջազգային կառույցներն այսօր լուռ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ միջազգային կառույցները առաջնորդվում են երկակի ստանդարտներով։

Նա նշել է, որ այս դատավորի ձեռքում առանցքային որոշում է, թե ինչպես է ընթանալու քաղաքական բանտարկյալների ընթացքը։

Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Ա. Առուշանյանն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է ու պաշտպանները միջնորդել են նրա նկատմամբ գրավ կիրառել՝ առաջարկելով մինչև 80 մլն դրամ։