9 փետրվարի 2022 - 12:33 AMT
NYT․ Johnson & Johnson-ը փակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութ արտադրող իր եվրոպական գործարանը

Johnson & Johnson-ը փակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութ արտադրող Նիդերլանդներում գործող իր գործարանը, հայտնել է The New York Times-ը։

Ըստ պարբերականի, գործարանում արտադրվելու է Covid-19-ի հետ կապ չունեցող մեկ այլ պատվաստանյութ, որն ավելի շահութաբեր է։

Նշվում է, որ պատվաստանյութի արտադրության դադարեցումը կապում են Եվրոպայում պատվաստվածների մեծ տոկոսի հետ, սակայն, ըստ պարբերականի, արդյունքում աղքատ երկրների համար պատվաստանյութի պակաս կարող է առաջանալ։ Տվյալ պատվաստանյութը հարմար է այն առումով, որ խորը սառեցում չի պահանջում։

«Կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում՝ ակնկալվում է, որ Լեյդենում պատվաստանյութի արտադրությունը կվերսկսվի մի քանի ամիս անց։ Դեռ հայտնի չէ, կազդի դա արդյոք նախապես ներկայացված հայտերով պատվաստանյութի առաքումներւի վրա»,-գրել է թերթը։

Աֆրիկյան միության Պատվաստանյութերի մատակարարման ծրագրի համանախագահ Այոադե Ալակիան ասել է, որ հիմա ժամանակը չէ արտադրական հոսքագիծ կանգնեցնելու, որտեղ էլ դա լինի, քանի որ «զարգացող երկրներում մարդկանց կյանքերը մազից են կախված»։

Johnson & Johnson-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերության գլոբալ արտադրական ցանցն օր ու գիշեր աշխատում է պանդեմիայի դեմ պայքարի համար, իսկ ընկերության պահեստներում պատվաստանյութի միլիոնավոր պատրաստի դեղաչափեր կան։