31 մարտի 2009 - 18:20 AMT
«Իմաջես» եռյակի երաժիշտները պարգեւատրվել են Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով եւ պատվոգրերով
Բրազիլական «Իմաջես» եռյակի երաժիշտները պարգեւատրվել են Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով եւ պատվոգրերով: Էնրիկե Միլլերը (ալտ) պարգեւատրվել է Ոսկե մեդալով, իսկ Սեսիլիա Գիդան (ջութակահարուհի) եւ Աչիլ Պիչին (դաշնակահար)` պատվոգրերով:

«Մշակույթի նախարարության ոսկե մեդալը դեռեւս ամենաթանկ եւ բարձր պարգեւն է, որը մենք շնորհում ենք ոչ միայն Հայաստանի, այլեւ ուրիշ երկրների արվեստի գործիչներին: Ձեր հաջորդ այցի ժամանակ հարկ կլինի նոր պարգեւ հնարել»,- ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` հանձնելով պարգեւները:

«Բրազիլիայի դասական երաժշտության սեզոնը Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախումբը բացեց Արամ Խաչատրյանի ստեղծագործությամբ: Բրազիլիայում ճանաչում եւ սիրում են հայկական երաժշտությունը: Եւ «Իմաջես» եռյակի պարգեւատրումն ապացուցում է, որ Հայաստանում ճանաչում են բրազիլական մշակույթը»,- նշել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ռենատե Ստիլլեն:

Ապրիլի 1-ից Հայաստանում կսկսվի բրազիլական արվեստի շաբաթը, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը երկու երկրների մշակույթի նախարարություններն ու Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունն են: Միջոցառումը կմեկնարկի բրազիլական «Իմաջես» եռյակի ելույթներով: Առաջին ելույթը տեղի կունենա ապրիլի 1-ին Գյումրիում: Եռյակի Երեւանյան համերգը կկայանա ապրիլի 3-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Առաջին անգամ եռյակը Հայաստանում ելույթ է ունեցել 10 տարի առաջ:

«Իմաջես» եռյակը ստեղծվել է 1999թ., կազմի մեջ մտել են հայտնի բրազիլացի երաժիշտներ: Համույթն արժանացել է «2006թ. լավագույն համույթ» ազգային տիտղոսին, 2007թ. եռյակը բրազիլական մշակույթի զարգացման համար պարգեւատրվել է Կարլոշ Գոմեշի անվան պրեմիայով: