10 փետրվարի 2022 - 17:55 AMT
ԱԽ քարտուղար․ Քանի դեռ ԼՂ խնդիրը չի լուծվել, ռուս խաղաղապահները պետք է մնան

Հայկական կողմը կարծում է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն։ Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քանի դեռ ԼՂ հիմնահարցի երկարաժամկետ լուծում չկա, ռուս խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է։ ՀՀ–ն շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն ԼՂ–ում և մնան այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում կտանք»,–ասել է Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի լուծմանը` ԱԽ քարտուղարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում։

Նրա խոսքով` պետք է խաղաղ ձևաչափով խնդրին լուծում գտնեն և ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, ՀՀ–ի համար մտահոգիչ է։ Գրիգորյանը հավելել է, որ կարծում է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն բոլոր լծակները` կանխելու ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը։

ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Արցախում նոյեմբերի 9-ի երակող հայտարարությամբ 5 տարի ժամկետով, ևս 5 տարով այն երկարացնելու հեռանկարով, եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: