10 փետրվարի 2022 - 18:43 AMT
Գրիգորյան․ ՀՀ օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Միութենական պետությանը միանալու հնարավորության մասին, ասել է, որ Հայաստանի օրակարգում նման հարց չկա, գրում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով ՌԴ և Բելառուսի միութենական հարաբերությունների մասին, կարծիք է հայտնել, որ Բելառուսի և ՌԴ-ի Միութենական պետությանն ապագայում կարող են միանալ հետխորհրդային տարածքի նաև այլ պետություններ՝ այդ թվում Հայաստանը, «որը տեղ չունի գնալու» և «ոչ մեկին պետք չէ»։ Նա ասել է, որ այժմ արդեն տեսանելի է ընդհանուր պաշտպանական տարածքը։

Նա ներկայացրել է նաև իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ։

«Եթե օրակարգում նման հարց չկա, ապա իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին», - ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանը համարժեք է գնահատել Հայաստանի արձագանքը Բելառուսի նախագահի վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրած աղմկահարույց հայտարարություններին։

Նա նշել է, որ Լուկաշենկոյի հայտարարությանն արձագանքել են ԱԺ պատգամավորները, ԱԳ նախարարությունը, ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։

«Կարծում եմ՝ համապարփակ պատասխան եղել է, և հուսով եմ, որ նման միջադեպերից համենայնդեպս, բելառուսական կողմը այլևս կխուսափի, կխուսափի որևիցե գնահատական տալու Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևիցե ձևով չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ այն հարաբերություններից, որոնք սերտ են հայ ժողովրդի և բելառուս ժողովրդի միջև», - ասել է Գրիգորյանը։

Այն դիտարկմանը, թե Բելառուսի նախագահն առաջին անգամը չէ, որ ՀՀ իշխանությունների մասին արտահայտվում է ոչ դիվանագիտական բառապաշարով, ԱԽ քարտուղարն արձագանքել է․ «Իսկ մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի։ Եվ եթե հավելյալ միջադեպեր լինեն, մենք կմտածենք, թե ինչպես պատասխանենք»։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով ԶԼՄ-ների հարցին, անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե Հայաստանը «գնալու տեղ չունի» և «ոչ մեկին պետք չէ»։

«Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»,-ասվում է ՀՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ