10 փետրվարի 2022 - 19:03 AMT
Ընդդիմությունը բողոքի ակցիա է արել ԵՄ պատվիրակության շենքի մոտ․ Պահանջագիր են փոխանցել

ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը Եվրոպական միության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով արտահայտվել Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։

Ակցիայի մասնակիցները եկել են մի կարգախոսով` You are not EU (դուք ԵՄ չեք – խմբ.), քանի որ համարում են, որ Հայաստանում ԵՄ պատվիրությունը ոչ թե իրականում ներկայացնում է եվրոպական արժեքները, այլ զբաղված է իշխող քաղաքական ուժի PR-ով։

Նրանք նաև պաստառներ են պարզել՝ «Խոսե՛ք», «Մի՛ լռեք», տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ակցիայի մասնակից, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված միջազգային կառույցների լռությունը, ասել է, որ գուցե քաղաքական ոլորտում որոշակի ակնկալիքներ ունեն։ Նրա կարծիքով` ՀՀ-ում գործող այդ կառույցները պատշաճ չեն զեկուցում իրենց երկրների մայրաքաղաքներին երկրում տիրող իրավիճակի մասին, քանի որ անհնարին է, որ նման վերաբերմունք լինի եվրոպական մի շարք երկրներից։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը շեշտել է, որ «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր դրսևորումներ են ստացել։

«Ճնշումների են ենթարկվում ոչ միայն այս իշխանությունների ընդդիմախոսները, այլև նրանց կալանքի տակ պահելու՝ վերևից իջեցվող ֆալցետային հրահանգներին չենթարկվող դատավորները։ Բորիս Բախշիյանի խայտառակ, աննախադեպ կալանավորումն էլ բոլորիս աչքի առաջ է»,- նշել է նա։

Ակցիային մասնակցել են նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը։

Ամփոփելով ակցիան` Ռուբեն Մելիքյանն ասել է, որ պահանջագիր են ներկայացնում ՀՀ-ու ԵՄ պատվիրակությանը` իրենց բարձրացրած հարցերի կապակցությամբ։

«Վերջին շրջանում ԵՄ պատվիրակությունը լռության է մատնում ժողովրդավարության՝ բոլորիս հայտնի չափորոշիչներից աղաղակող շեղումները։ Վիրավորանքի անընդունելի քրեականացումը, ընդդիմադիրների նկատմամբ լայնածավալ հետապնդումները, ներառյալ անհիմն կալանավորումները, դատական իշխանության անկախությունը զրոյացնող գործընթացների նոր ալիքը… այդ աղաղակող շեղումների առավել տեսանելի մասն է։ Մինչդեռ եվրոպական արժեհամակարգից այդ ակնհայտ շեղումներին զուգընթաց ԵՄ պատվիրակության ղեկավարի շուրթերից լսում ենք ոչ թե դատապարտման, այլ գովեստի խոսքեր»,- ասվում է պահանջագրում, գրում է Panorama.am-ը։

Պահանջագրով ցուցարարները արտաքին կապերի եվրոպական ծառայությունից պահանջում են վերանայել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Նրանց մոտեցել է ԵՄ աշխատակիցներից մեկը՝ խոստանալով փոխանցել պահանջագիրը հասցեատիրոջը։