14 փետրվարի 2022 - 15:47 AMT
Փոխվարչապետն ապաշրջափակման հարցում ՀՀ դիրքորոշումն է ներկայացրել Կլաարին և Վիկտորինին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը ՀՀ դիրքորոշումն է ներկայացրել ապաշրջափակման հարցում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես՝ տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Գրիգորյանը ներկայացրել է հնարավոր ապաշրջափակման սկզբունքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոմունիկացիաների բացման մասին, ասել է, որ ճանապարհը պետք է լինի Հայաստանի սուվերենության ներքո և ՀՀ օրենսդրությամբ պետք է գործի՝ դա է ՀՀ պաշտոնական տեսակետը։ Երթուղիների հարցը վարչապետը բաժանել է երկու մասի՝ երկաթուղային, որտեղ մեկ տարբերակ ունենք՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, որը պետք է վերականգնվի՝ հայաստանյան հատվածը ՀՀ ներդրումների հաշվին։

Ավելի վաղ Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանց միջոցով հավասար պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները։