14 փետրվարի 2022 - 16:34 AMT
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են ԵՄ ներդրումային փաթեթին, ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը, սահմանային լիցքաթափմանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2.6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:

Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:

Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

Ադրբեջանը հայտարարել է 44-օրյա պատերազմի արդյունքում իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից հայերեն գրությունները ջնջելու մտադրության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին հայտարարել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է «հայերի կողմից աղվանական կրոնական տաճարների վրա թողած ֆիկտիվ հետքերի վերացմամբ»:

Դեռևս 2021թ․ մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այցելել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր, թե պետք է ջնջել բոլոր հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։