14 փետրվարի 2022 - 19:33 AMT
ԱԳՆ․ Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել է, որ ԱԳՆ-ում ուշադիր հետևում են Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին:

«Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

16 երկիր հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով։ Այդ երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Կանադան, Լատվիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ֆինլանդիան, Չերնոգորիան, Էստոնիան, Ճապոնիան, Հարավային Կորեան։

2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։