17 փետրվարի 2022 - 13:21 AMT
Քոչարյան․ Պետք է մնալ ՀԱՊԿ-ում, գործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել

«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով ՀԱՊԿ-ի և անվտանգության համակարգում դրա դերակատարման մասին, ասել է, որ չի կարելի ՀԱՊԿ-ը մեռած կառույց համարել, քանի որ այն լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են, ինչպես դա եղավ Ղազախստանում։

Նա ասել է, որ պետք է մնալ ՀԱՊԿ-ի կազմում, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել, քանի որ «հայտարարություններից բացի ոչինչ չի լինելու»։

Քոչարյանը հավելել է, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները, ՌԴ-ից բացի, շատ ավելի ջերմ հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, նրանց հետ մաս են կազմում մեկ այլ կազմակերպության, իսկ անձնական շփումների մակարդակով այդ պետությունների ղեկավարները շատ ավելի մտերիմ են Ադրբեջանի նախագահի հետ։ «Մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել մեր վրա հարձակմանը, կլիներ միամտություն»,-ասել է Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը նաև նշել է, որ անվտանգության ոլորտում ՀՀ-ում միակ գործոնը Ռուսաստանն է, սակայն այստեղ ևս կան որոշ խնդիրներ, որոնք բացահայտվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանի միջնորդ լինելը ԼՂ կարգավորման գործընթացում որոշ չափով սահմանափակում է ՌԴ ազատությունը, և բացի այդ շեշտակի աճել է Թուրքիայի դերը Հարավային Կովկասում։