18 փետրվարի 2022 - 11:05 AMT
Բլինքեն. ՌԴ-ն պատրաստվում է առաջիկայում ներխուժել Ուկրաինա՝ «պատրվակ ստեղծելով»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ՌԴ զորքերը պատրաստվում են ներխուժել Ուկրաինա «արդեն առաջիկա օրերին», սակայն, եթե դա տեղի չունենա, ԱՄՆ-ն դա գոհունակությամբ կընդունի։

«Ըստ մեր տեղեկությունների, պարզ է, որ այդ ռուսական զորքերը, այդ թվում ցամաքային, ինքնաթիռները, նավերը, հարձակման են պատրաստվում Ուկրաինայի դեմ առաջիկա օրերին»,-ասել է նա և հավելել, որ Ռուսաստանը կարող է «պատրվակ ստեղծել» հարձակումից առաջ, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Բացի այդ, Բլինքենն առաջարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հանդիպել հաջորդ շաբաթ Եվրոպայում, ինչպես նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն ստացել է ՌԴ պատասխանն անվտանգության երաշխիքների հարցով։

ՌԴ-ն հրապարակել է իր պատասխանն ԱՄՆ-ին, որում 11 կետ կա։ Մասնավորապես, նշվում է, որ «ամերիկյան կողմը կառուցողական պատասխան չի տվել անվտանգության երաշխիքների մասին ԱՄՆ հետ ՌԴ ներկայացրած պայմանագրի նախագծի հիմնարար տարրերի վերաբերյալ», գրում է ՌԲԿ-ն։

ՌԴ-ն պահանջում է, որ ՆԱՏՕ-ն չընդլայնվի դեպի արևելք, մասնավորապես՝ Ուկրաինա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոնեցկում գտնվող ԵԱՀԿ առաքելության աշխատակիցները սկսել են հեռանալ քաղաքից՝ «Ուկրաինայի վրա ռուսական հարձակման սպառնալիքի ֆոնին»։ 16 երկիր հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին Պետդումայի դիմումը, սակայն նման ճանաչումը համահունչ չէ Մինսկի համաձայնություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։