18 փետրվարի 2022 - 11:32 AMT
Գրիգորյան․ Երկաթգծի հետ կապված հնարավորությունները տեսանելի են` «ամենակոնկրետ այդ հարցն է քննարկվել»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբում ներկայացնում է Հայաստանը, ասել է, որ «ամենակոնկրետը քննարկվել է» երկաթգծի հարցը, այն գործելու է մաքսային և սահմանային հսկողության ներքո, տեղեկացնում է «Ազատությունը»։

Նրա խոսքով` նոր պայմանավորվածություններ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շահագործման առումով չկան, սակայն գործընթացի մեկնարկից առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպված փաստաթուղթ` ըստ իրավական պահանջների:

«Կան ընդհանուր ընկալումներ սիմետրիկ առ այն, որ ապաշրջափակման, մասնավորապես երկաթգծի հետ կապված հնարավորությունները տեսանելի են, և ըստ այդմ, իհարկե, նման միջոցառում սկսելուց առաջ պետք է լինի նաև գրավոր ձևակերպում պայմանավորվածության, որովհետև ներդրումները մեծ են և իհարկե, ենթադրում են պայմանավորվածության ձևակերպում: Այս պահի դրությամբ բոլոր համաձայնությունների շուրջ եղել են պաշտոնական հրապարակումներ», - նշել է նա:

Գրիգորյանը նշել է, որ յուրաքանչյուր երկիր իր մասի ենթակառուցվածքը կառուցելու է իր միջոցների հաշվին։ «Մեր դեպքում ամենայն հավանականությամբ դա կլինի պետական նախաձեռնություն, պետական ենթակառուցվածք, կարծում եմ` այս իրավիճակում և այս դեպքում ճիշտ է, որ դա լինի պետական ենթակառուցվածք»,-ասել է նա:

Խորհրդային Միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Հայաստան- Ադրբեջան երկաթուղու Երասխի հատվածը վերականգնելու համար ամիսներ են պետք, իսկ Մեղրիի հատվածում, որտեղ 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցվի, կառավարության հաշվարկով սա մոտ 200 միլիոն դոլար կարժենա: