18 փետրվարի 2022 - 11:36 AMT
ՀՀ և ԱՀ ՄԻՊ-եր․ Արցախի նախագահի դեմ Ադրբեջանի հայտարարած հետապնդման նպատակն Արցախում բոլոր ապրողներին ահաբեկելն է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելը և խաղաղ բնակչության մոտ խուճապ առաջացնելը: Այդ մասին ասվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ սա իր հերթին նշանակում է, որ այդ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ և հիմնված է փաստերի բացահայտ մանիպուլիացիայի վրա:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդման մասին, սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է:

«․․․Հենց ադրբեջանական իշխանությունն է ուղիղ պատասխանատու պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքների, այդ թվում` Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, ահաբեկիչների ու վարձկանների օգտագործմամբ, դիտավորյալ և նպատակային հարձակման ենթարկելու, 80 քաղաքացիական անձանց սպանելու, 165 քաղաքացիական անձանց տարբեր աստիճանի վիրավորումներ հասցնելու, հայ գերիներին խոշտանգելու և զոհված զինծառայողների մարմինները անարգելու, Արցախի մոտ 40 000 քաղաքացիական բնակչությանը հայրենի տներից ունեզրկելու և բռնի տեղահանելու, Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պղծելու, վանդալիզմի ենթարկելու և ոչնացնելու համար։

Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում Covid-19 համավարակի պայմաններում միջազգայնորեն անթույլատրելի զինված հարձակումների համար, որոնցով կաթվածահար արեցին Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգերը և դրանով ապահովեցին մահվան թվերի շեշտակի աճ:

Նույն կերպ էլ նրանք տարբեր գործիչների, իրավապաշտպանների ու լրագրողների (այդ թվում` միջազգային) նկատմամբ թշնամանքի մղումով քրեական գործեր հարուցելով փորձել են ուղղակի քողարկել իրենց կատարած ու կատարելիք վայրագությունները Արցախի խաղաղ հայ բնակչության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեև:

Նշվում է նաև, որ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունն ավելի է սաստկացել, ստացել է նոր դրսևորումներ. թույլ չեն տալիս մարդկանց վերականգնել կյանքը պատերազմից հետո, անընդհատ խաղաղ բնակչության համար փորձում են ստեղծել հուսահատության մթնոլորտ` մարդկանց անվտանգության, կյանքի ու մյուս կենսական իրավունքների դեմ ամենօրյա հանցավոր ոտնձգություններով ու այլ ահաբեկչական արարքներով:

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների վերը շարադրված գնահատականները հիմնված են հավաստի, կոնկրետ փաստերի վրա և տեղ են գտել մեր բազմաթիվ զեկույցներում:

«Մենք միջազգային հանրությանը համոզված իրազեկում ենք, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու են փաստերի կեղծումը և մոլորեցումը նորանոր մեթոդներով, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ իրենց հանցավոր արարքները խաղաղության կոչերի ներքո թաքնվելով, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի և պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքերի համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս համատեղ հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին նաև առանձին նամակներով»:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ամենամոտ ապագայում «կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։Նա ասել է, որ Հարությունյանը հետախուզման մեջ է և մեղադրվում է «Գյանջայի բնակիչների դեմ ահաբեկչությունների մեջ», որոնք կատարվել են 2020-ի հոկտեմբերին: