18 փետրվարի 2022 - 12:37 AMT
Թուրքական թերթը ՌԴ 10 տարածաշրջան ներկայացրել է որպես «թյուրքական ինքնավար հանրապետություններ»

Թուրքական Karar թերթում հրապարակված հոդվածում Ռուսաստանի Դաշնության 10 տարածաշրջան անվանել են թյուրքական ինքնավար հանրապետություններ։

Այդ ցանկում ներառվել են Ռուսաստանի հետևյալ շրջանները՝ Թաթարստան, Բաշկիրիա, Չուվաշիա, Տուվա, Յակուտիա, Ալթայ, Կաբարդինո-Բալկարիա, Դաղստան, Խակասիա և Կարաչայ-Չերքեզիա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ վերոնշյալ ոչ բոլոր շրջաններում է թյուրքական բնակչությունը մեծամասնություն կազմում։

Նույն հրապարակման մեջ թյուրքական ինքնավար մարզ է որակված նաև Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոլդովայի կազմում գտնվո Գագաուզիան, Ուզբեկստանի Կարակալպակստանը, և Նախիջևանը։

Նշվում է նաև, որ աշխարհում 7 թյուրքական պետություն կա՝ Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու «Հյուսիսային Կիպրոսը», որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։

Ավելի վաղ թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը ներկայացնող «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր նվիրել «թյուրքական աշխարհի» քարտեզը, որը ներառում էր Ռուսաստանի մի շարք թյուրքաբնակ շրջաններ: