Վարորդները կրկին ցույց են անում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ

Վարորդները կրկին ցույց են անում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ

PanARMENIAN.Net - Մի շարք վարորդներ կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Հայաստանի ապահովագրական բյուրոյի մոտ։ Պահանջները նույնն են` չեղարկել ԱՊՊԱ-ի թանկացումները, ինչպես նաև բյուրոյի պետ` Վաղինակ Եղիազարյանի հրաժարականը։

Վարորդները մեքենաների վրա փակցրել են «ԱՊՊԱ-ն չի թանկանալու» գրությամբ թերթիկներ։ Նրանք մեքենաներով փակել են Հանրապետության փողոցի մի հատվածը, սակայն հավաքը կրկին համաձայնեցված է ոստիկանության հետ, գրում է Sputnik Արմենիան։

«Մենք նախորդ անգամ չենք ստացել մեզ բավարարող պատասխաններ, այդ պատճառով կրկին հավաքվել ենք։ Ակցիաները շարունակական են լինելու։ Այստեղ համախմբվել ենք բոլոր վարորդներով, որպեսզի մեր երկրում ԱՊՊԱ–ն չթանկանա։ Որոշումն աբսուրդային եմ համարում։ Ինչու 1-10 ԲՄ դաս ունեցող մեքենայի սեփականատերը վճարի 3000 դրամ ավելի, եթե տարիներ շարունակ ԱՊՊԱ–ի կողմից որևէ բան չի ստանում»,– ասել է «Նիսան Տիանա կլուբ Արմենիա» խմբի ղեկավարը, որի մեքենան էլ 10-14 ԲՄ դասին է պատկանում ու ԱՊՊԱ–ն թանկանալու է 6000-9000 դրամով։

Իրենց պահանջները չբավարարելու դեպքում վարորդները պատրաստվում են ակցիաները շարունակել` ավտոերթերով, ուղղակի բողոքի ակցիաներով, սակայն դրանք խաղաղ են լինելու։

Վարորդ Նարինե Մուրադյանը շեշտել է, որ բոլորը խոսում են 3000 դրամ թանկացման մասին, սակայն տարբեր դեպքերում թանկացումները տարբեր են ու կարող են հասնել 15,000 և ավելի դրամի։

«Իմ մեքենայի ԱՊՊԱ–ն թանկացել է 140 %–ով։ Իմ մեքենան 16 ԲՄ դասի է ու 17, 000 դրամ ավելի եմ վճարելու։ Ապահովագրական բյուրոն ասում է, թե իրենց մոտ ֆինանսական ճեղքվածք է, պետք է կարողանան աշխատել, իսկ ինձ որևէ մեկը հարցրե՞լ է` ես ֆինանսական ճեղքվածք ունեմ, թե չէ»,– ասել է Մուրադյանը և հավելել, որ պայքարը շարունակելու են մինչև իրենց ձայնը լսելի դառնա։

Վարորդները պարբերաբար բողոքի ցույցեր են անում հունվարի 31-ից սկսած։ Ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:

Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
Գրիգորյանը կհուղարկավորվի փետրվարի 6-ին քաղաքային պանթեոնում
---