ՀՀ ԳԴ․ Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումն ապօրինի է, իրավական հիմք չունի

ՀՀ ԳԴ․ Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումն ապօրինի է, իրավական հիմք չունի

PanARMENIAN.Net - ՀՀ և ԱՀ քաղաքացիների, այդ թվում` ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումներն ապօրինի են ու չունեն իրավական որևէ հիմք։ Այդ մասին, մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Երբ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ սկսվեցին քրեական հետապնդումների հարուցման ու հետախուզումների մասին հայտարարություններ արվել, մենք ինչպես առաջ, հիմա էլ նշում ենք և մնում այն կարծիքին, որ դրանք ապօրինի են, որևէ իրավական հիմք չունեն ու հիմնված են Ադրբեջանի կողմից վարվող այն թշնամական ու ազգային ատելության վրա, որով նաև պայմանավորված է տեղի ունեցած վերջին պատերազմը»,– ասել է Աբրահամյանը։

Դատախազի խորհրդականը նաև հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է այս հարցով դիմել միջազգային կառույցներին ու Ինտերպոլին` հետախուզումը դադարեցնելու խնդրանքով, այնպես, ինչպես դա արվել է նախկինում Ադրբեջանի հայտարարած այլ հետախուզումների պարագայում։

«Դատախազությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի մեր քաղաքացիների նկատմամբ հարուցված հետախուզումներն ու դրանց վերաբերող հարցումները միջազգային այդ խողովակներով որևէ ընթացք չստանան»,– հայտնեց Աբրահամյանը։

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թագիևը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---