Քրիստոսի արձանի մոտ 200 նախագիծ կա․ Նաև առաջարկ՝ պատվանդանին 301 լեզվով «Հայր մերը» գրել

Քրիստոսի արձանի մոտ 200 նախագիծ կա․ Նաև առաջարկ՝ պատվանդանին 301 լեզվով «Հայր մերը» գրել

PanARMENIAN.Net - Գործարար Ծառուկյանի և նրա ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվելիք Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանի հաղթող նախագիծը փետրվարի 20-ին չի որոշվել, քանի որ դրանք շատ էին՝ ներկայացվել է մոտ 200 նախագիծ։ Այդ մասին հայտնել է Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Մարիամ Պետրոսյանը, գրում է «Առավոտը»։

Խոսելով հետաքրքիր առաջարկների մասին՝ Պետրոսյանն ասել է, որ կա առաջարկ, որ «Հայր մերը» Հիսուս Քրիստոսի պատվանդանի ներքևի տարածքում 301 լեզվով փորագրվի, որ զբոսաշրջիկները գան ու գտնեն իրենց լեզվով աղոթքը։

«Դա կխթանի նաև զբոսաշրջիկների հոսքը Հայաստան»,- ասել է նա։

Պետրոսյանը նշել է, որ նախագծերի ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է: Խորհրդի անդամներին երկու շաբաթ ժամանակ է տրվել, որպեսզի քննարկեն և որոշեն լավագույն նախագիծը:

Միջոցառման ընթացքում Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ հնարավորինս լայն քննարկումների, առաջարկների արդյունքում պետք է որոշվի հաղթող նախագիծը: Խորհրդի կազմում ներգրավված են ճարտարապետներ, նախագծողներ, մշակույթի, արվեստի գործիչներ, հոգևորականներ:

Նախագծեր են ներկայացրել մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Հանդիպման ընթացքում սեյսմիկ անվտանգության մասնագետի հետ նաև արձանի հավանական վայրի մասին քննարկում է ծավալվել:

Պետրոսյանն ասել է նաև, որ արձանի տեղադրման վայրի հետ կապված տարբեր առաջարկներ են հնչել ու մանրամասնել. «Առաջարկ եղավ, որ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրվի Սևանի թերակղզում, Խոր Վիրապի տարածքում, Ծաղկաձորի հատվածում: Դա էլ դեռ վերջնական չէ, քանի որ մինչև չունենանք նախագծի ընտրված տարբերակ, տեղի մասին խոսելը վաղ է»։

Նա հավելել է, որ արձանի տեղադրման վայրի մասին քննարկումները կլինեն երկրորդ փուլում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---