24 փետրվարի 2022 - 15:37 AMT
«Արմենիա» ավիայի Երևան-Մոսկվա չվերթերը մոտ 1 ժամ շեղումով են ընթանում

«Արմենիա» ավիաընկերության չվերթերը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով, ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

«Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթն այլ՝ ավելի երկար երթուղով իրականացնելու համար։

Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում ռուսական ավիակարգավարների հրահանգով։ Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան»,-ասվում է հայտարարության մեջ

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։