24 փետրվարի 2022 - 18:42 AMT
Գյոզալյանը` ԶՈւ ԳՇ շտաբի պետի տեղակալ, ևս 4 վարչության պետ է նշանակվել, 2 կորպուսի փոխհրամանատար

Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն Գյոզալյանին նշանակել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում։

ԶՈւ-ում արվել են նաև այլ նշանակումներ։

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրերով․

Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ,

Վաչագան Ներսեսյանը՝ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ,

Գոռ Նիկոյանը՝ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ,

Կարեն Գրիգորյանը՝ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ,

Բագրատ Մաթևոսյանը՝ Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ,

Արայիկ Մինասյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: