3 հուլիսի 2002 - 22:40 AMT
ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Օրերս Իսլամական Կոնֆերանսի Կազմակերպության (ԻԿԿ) անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների համաժողովում ընդունված բանաձեւը «Ադրբեջանական Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի ճանաչման մասին» որեւէ լուրջ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայնտել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով, նման բանաձեւերը նորություն չեն եւ ընդունվում են այդ կազմակերպության կողմից 1992 թվականից սկսած: ԻԿԿ անդամ-երկրները իրենք են ընդունում, որ դա ձեւական բնույթ է կրում եւ ելնում են իսլամական համերաշխության գաղափարից, նշել է մամլո քարտուղարը: «Հայաստանը մշտապես տեղեկացնում է բարեկամ երկրներին, որոնք ԻԿԿ անդամներ են, այս կամ այն հարցի շուրջ իր մոտեցումների մասին, ինչը իր անդրադարձն է գտնում այդ երկրների դիրքորոշման մեջ, երբ այս կամ այն հիմնահարցերն են քննարկվում այն ատյաններում, որոնք առավել կարեւոր եւ որոշիչ դեր ունեն Հայաստանի համար ընդհանրապես եւ ղարաբաղյան հակամարտության կարագավորման համար մասնավորապես»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: