28 փետրվարի 2022 - 14:31 AMT
ՌԴ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչ ռեկորդային 20%

Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչ ռեկորդային 20%։

Մինչ այդ վերաֆինանսավորման առավելագույն 17% է եղել 2014-ի վերջում։

Ավելի վաղ տոկոսադրույքը կազմում էր 9.5%։ Կենտրոնական բանկը կապել է դա «արտաքին պայմանների» արմատական փոփոխման հետ։ Բանկը հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ հետագա որոշումներ կկայացնի՝ ելնելով արտաքին և ներքին պայմաններից, ռիսկի գնահատումից և այլ գործոններից, ասվում է ՌԴ ԿԲ հայտարարության մեջ։

Տոկոսադրույքի բարձրացումը կօգնի պահպանել ֆինանսական և գների կայունությունը, զերծ պահել քաղաքացիների խնայողությունները արժեզրկումից։

ՌԴ ԿԲ-ն ձեռնարկել է այդ միջոցն Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման, դրան հաջորդած պատժամիջոցների և ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին։

ՀՀ բանկերում փետրվարի 28-ի առավոտյան ռուբլու առքի նվազագույն գինը 2.5 դրամ էր, վաճառքինը՝ 5.3։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։