28 փետրվարի 2022 - 17:20 AMT
Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն կավելացնի աջակցությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կավելացնի Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ես խոսել եմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի ժողովրդի և զինված ուժերի քաջության համար։ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ուժեղացնում են աջակցությունը ՀՕՊ հրթիռներով, հակատանկային զենքով, ինչպես նաև հումանիտար և ֆինանսական օգնությամբ»,- ասվում է գրառման մեջ։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։