Լավրով․ Տարածքային ամբողջականությունը կիրառելի է «ժողովրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը պահպանող պետությունների դեպքում»

Լավրով․ Տարածքային ամբողջականությունը կիրառելի է «ժողովրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը պահպանող պետությունների դեպքում»

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում իր տեսաելույթի ժամանակ հայտարարել է, որ տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը կիրառելի է միայն այն պետությունների հանդեպ, որոնց կառավարությունները ներկայացնում են իրենց տարածքում ապրող ամբողջ ժողովուրդը, և որոնց թվին չի կարելի դասել Կիևի կառավարությանը։

Նա ընդգծել է, որ 1970թ․ Միջազգային իրավունքի մասին հռչակագրում ամրագրված է, որ տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը կիրառելի է այն «պետությունների համար, որոնք իրենց գործողություններում պահպանում են ժողովրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը և, որպես հետևություն, ունեն կառավարություններ, որոնք ներկայացնում են այդ տարածքում ապրող ամբողջ ժողովրդին՝ առանց ռասայական, կրոնական կամ մաշկի գույնով պայմանավորված խտրականության», գրում է Interfax-ը։

Նա ասել է, թե «Կիևի նեոնացիստական կառավարությունն ակնհայտորեն այդպիսին չի եղել և չէ Ուկրաինայի ժողովրդների հանդեպ», հավելելով, որ մարդու իրավունքներն «ունիվերսալ հաստատուն են»։

Այդ նույն միջոցառման ժամանակ Լավրովը նաև հայտարարել է, որ «վաղուց ժամանակն է տուն վերադարձնելու ամերիկյան միջուկային զենքը, իսկ դրա հետ առնչվող ենթակառուցվածքները Եվրոպայում՝ ոչնչացնել»։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---