2 մարտի 2022 - 10:34 AMT
Բայդենը «ռուսաստանցի բռնապետ» է անվանել Պուտնին և հայտարարել ԱՄՆ օդը ՌԴ համար փակելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 1-ի երեկոյան Կոնգրեսում ունեցած իր ելույթում խստիվ դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա ներխուժման համար՝ անվանելով նրան «ռուսաստանցի բռնապետ»։

Նա ասել է նաև, որ Պուտինը պատերազմը սկսել է միտումնավոր և դրա համար հիմքեր չունենալով, սակայն արդյունքում «բարձր գին է վճարելու», գրում է Deutsche Welle-ն։

Բայդենը հայտարարել է ԱՄՆ օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակելու մասին, ինչը, ըստ նրա, կնպաստի ՌԴ-ի հետագա մեկուսացմանը։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի համար նախատեսվում է փակել տեխնոլոգիաների հասանելիությունը, ինչը հեռանկարում կթուլացնի ռուսական բանակը։

Ամերիկյան Boeing-ը հայտարարել է, որ կասեցնում է դետալների առաքումը և տեխնիկական սպասարկումը ռուսական ավիաընկերությունների համար, ինչպես նաև դադարեցնում է ՌԴ-ում իր բիզնեսի հիմնական տեսակները։

Ամերիկյան Ford կոնցերնը ևս հայտարարել է Ռուսաստանում իր գործունեությունը դադարեցնելու մասին։

Apple ընկերությունը հայտարարել է ՌԴ-ում իր տեխնիկայի վաճառքը դադարեցնելու մասին և որոշում է կայացրել ՌԴ տարածքում Apple Pay-ի և մյուս ծառայությունների աշխատանքի սահմանափակման մասին, հայտնում է Deutsche Welle-ն։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։