2 մարտի 2022 - 12:22 AMT
Վրաստանում անհասկանալի են համարում դեսպանին հետ կանչելու Զելենսկու որոշումը

Վրաստանում անհասկանալի են համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ Վրաստանում Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու մասին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին՝ հավելելով, որ Վրաստանն անում է հնարավորի առավելագույնը, գրում է Sputnik Georgia-ն։

Զելենսկին դեսպանին հետ կանչելու որոշումը հիմնավորել էր Վրաստանի իշխանությունների «ոչ բարոյական կեցվածքով»։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պատժամիջոցներ չի սահմանի ՌԴ դեմ, քանի որ դա ավելի շատ հենց Վրաստանին կվնասի։

Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հետ հարաբերությունները կվերադառնան երկկողմ գործակցության հունի մեջ՝ չնայած դեսպանին Վրաստանից հետ կանչելու որոշմանը։ Այդ մասին նա ասել է IMEDI վրացական հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն իր հերթին, արձագանքելով Զելենսկու որոշմանն, ասել է, որ դա «անընդունելի է և ոչնչով չարդարացված»։ «Ուկրաինայի իշխանությունների այդ որոշումը Վրաստանի ռազմականա հակամարտության մեջ ներքաշելու համակարգված գործողությունների դրսևորում է, ինչը մենք թույլ չենք տա»,-ասել է Կոբախիձեն։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։