Բադասյան․ ԶՊՄԿ-ում կոռուպցիոն սխեման իրականացվել է Պոլոսկովի տնօրինության ժամանակ

Բադասյան․ ԶՊՄԿ-ում կոռուպցիոն սխեման իրականացվել է Պոլոսկովի տնօրինության ժամանակ

PanARMENIAN.Net - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում գործող կոռուպցիոն սխեման, որի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 15 մլրդ դրամի վնաս, իրականացվել է գործարանի տնօրեն Մհեր Պոլոսկովի տնօրինության ժամանակահատվածում։ Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«2016 և 2017 թվականներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և ԱՄԷ-ում հաշվառված ընկերությունների միջև կնքվել են սթրիմինգային պայմանագրեր, ըստ որի` խտանյութի օտարումն իրականացվել է միջանկյալ օղակի միջոցով»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` եթե խտանյութի միջազգային շուկայական գինը եղել է 6500 դոլարի շրջակայքում, պայմանավորվել են, որ այդ միջանկյալ օղակին կվաճառեն օրինակ 2000 դոլարով։ Արդյունքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» չի ստացել շահույթի այն մասը, որը կստանար այլ հավասար պայմաններում, եթե չլիներ միջանկյալ օղակը։ Այսինքն` հենց այս մեխանիզմով պետությանը պատճառվել է ավելի քան 15 մլրդ դրամի վնաս։

Բադասյանը նաև հայտնել է, որ եթե Մհեր Պոլոսկովը պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ փոխհատուցվի, քրեական հետապնդումը կդադարեցվի։

Ըստ ՊԵԿ-ի ավելի վաղ տարածված հաղորդագրության, գումարն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե:

ՊԵԿ–ը մարտի 1-ին հայտնել էր, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար: Ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել, և արդյունքում պետական բյուջե չի վճարվել ավելի քան 15 մլրդ դրամ հարկեր և վճարներ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասախան ելակետային տվյալների հիման վրա կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր 15,017,640,469 դրամ պարտավորություններ, որոնք 2022թ.-ին ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե: «Գումարը վերականգնվել է մեղադրյալ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ վերջինիս անձնական միջոցներից»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---