4 մարտի 2022 - 11:16 AMT
Զելենսկին ուղիղ բանակցությունների կոչ է արել Պուտինին, Արևմուտքին էլ հորդորել փակել Ուկրաինայի երկինքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օտարերկրացի լրագրողների հետ հանդիպմանը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղիղ բանակցություններ սկսել՝ հայտարարելով, որ «դա պատերազմը կանգնեցնելու միակ միջոցն է»։

Նա նշել է, որ ցանկություն չունի Պուտինի հետ խոսելու, սակայն պարտադրված կլինի դա անել պատերազմը կանգնեցնելու համար, գրում է Deutsche Welle-ն։

Դիմելով Պուտնին՝ Զելենսկին ասել է․ «Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց մենակ թե ոչ 30 մ հեռավորության վրա, ինչպես Մակրոնի, Շոլցի հետ։ Չէ որ ես հարևան եմ, պետք չէ ինձ 30 մետրի վրա պահել։ Ես չեմ կծում, ես նորմալ մարդ եմ՝ նստիր, խոսիր ինձ հետ, ինչի՞ց ես վախենում։ Մենք ոչ ոքի չենք սպառնում, մենք ահաբեկիչ չենք, չենք զավթում բանկեր, չենք զավթում ուրիշի հողերը»։

Նա նաև դիմել է համաշխարհային առաջնորդներին՝ հորդորելով փակել Ուկրաինայի երկինքը, քանի որ «առավելագույն վտանգը քաղաքացիական բնակչության համար հրթիռային հարվածներն ու ռումբերն են»։ Նա հիշեցրել է, որ այդ խնդրանքով ավելի վաղ դիմել էր ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին և Գերմանիայի կանցլերին։

«Եթե օդը փակելու համարձակություն չունեք, ապա ինքնաթիռներ տվեք ինձ»,- ասել է նա:

Շնորհակալություն հայտնելով Ուկրաինային զենքով մատակարարող երկրներին՝ Զելենսկին ասել է, որ այդ օգնությունը «կարևոր էր, բայց ուշացած»։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։