4 մարտի 2022 - 12:09 AMT
Կապառոս․ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան ուղղակի ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, անդրադառնալով հավաքականից հեռանալու՝ Հենրիխ Մխիթարյանի որոշմանը, անվանել է նրան Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը և նշել, որ բախտ է ունեցել հաճույք ստանալ նրա խաղից և մարզումներից։

«Կարծում եմ՝ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան ուղղակի ֆուտբոլիստ»,-ասել է նա, գրում է FFA.am-ը։

«Հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի համար տխուր օր է: Մեր ավագը, առաջատարը և Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը որոշում է կայացրել հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ: Բախտ եմ ունեցել հաճույք ստանալու իր խաղից և մարզումներից: Իր հետ աշխատած բոլոր մարզիչները ևս ընդգծում են Հենոյի նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի: Ջերմորեն համբուրում եմ Հենոյին՝ մաղթելով ամենայն բարիք: Կարծում եմ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան, ուղղակի, ֆուտբոլիստ: Հենոն առաջատար է և միշտ կմնա այդպիսին»,-ասել է Կապառոսը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Մխիթարյանի հայտարարությանը, ասել է, որ Հենրիխն անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և անուրանալի ներդրում ունի Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններում։

«Վստահ եմ՝ Մխիթարյանը կայացրել է կշռադատված որոշում, որին պետք է վերաբերվել ամենայն հարգանքով: Ավելորդ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար: Հետագա հաջողություններ եմ մաղթում Մխիթարյանին իր ակումբային կարիերայի ընթացքում»,-ասել է նա:

Մարտի 3-ին հայտնի դարձավ, որ հայկական ֆուտբոլի առաջատար և հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը որոշել է ավարտել իր կարիերան հավաքականում և մրցելույթները շարունակել միայն ակումբային մրցումներում։

Մխիթարյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնելով հավաքականից հեռանալու որոշման մասին, գրել է, որ տվել է հավաքականին ամենը՝ ինչ կարող էր:

Վերջին 15 տարիներին ինձ համար մեծ պատիվ էր իմ ազգային հավաքականում խաղալը և առավել ևս վերջին 6 տարիներին՝ ավագը լինելը: 95 միջազգային խաղից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականում իմ մրցելույթները: Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ իմ մասնակցությամբ վերջին խաղից հետո։ Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է։ Հավաքականին տվել եմ ամենը՝ ինչ կարող էի»,-ասվում է գրառման մեջ: